Կարևոր լուր կենսաթոշակ ստացողների համար․ այսուհետ փոխվում է կենսաթոշակի տրամադրման կարգը․․

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը, որի նպատակը նպատակը կենսաթոշակի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է։

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով սահմանվում է կենսաթոշակի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

Անկանխիկ կամ կանխիկ եղանակով են վճարվում նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարները (այդ թվում՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը), ինչպես նաև կենսաթոշակառու մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարը։

Հարկ է նկատի ունենալ, որ գործող օրենսդրության  համաձայն՝ կենսաթոշակի համար սահմանված կարգով է վճարվում նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակները, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված պարգևավճարները և այլն։

Միաժամանակ, նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան մեկ անգամ ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին: Վերը նշված դրույթի նպատակը կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը հաստատելն է, սակայն բանկ ներկայանալու պահանջը խոչընդոտում է բանկի տարածքից դուրս խնդրո առարկա հայտարարությունը վերցնելու հնարավորությունը։

Հարկ է նշել, որ կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ ձեռքբերելու ծախսերը ՀՀ 2018թ. կազմել են 1 միլիոն 439 հազար դրամ, որի հիմնական մասը` 1 միլիոն 329 հազար դրամը կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերման մասով:  Այսինքն, խնդրո առարկա ծախսերի գերակշիռ մասն ուղղվում է կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերմանը:

Գումարային այս տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բանկի հետ կնքվող` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար բանկին տրվում է ամսական երեսուն դրամ «անկախ վճարվող գումարի չափից», իսկ կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրով ծառայության վճարը նախատեսված է վճարվող գումարի մեկ տոկոսի չափով:

Ըստ այդմ, նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարումները   անկանխիկ եղանակով կատարելը:

Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով։

Ընդ որում, առաջարկվում է բացառություն սահմանել հետևյալ դեպքերում.

  • կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է,
  • լրացել է կենսաթոշակառուի 75 տարին,
  • կենսաթոշակառուն բնակվում է Կառավարության սահմանած՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում։

Վերը նշված դեպքերում կենսաթոշակը կարող է վճարվել նաև կանխիկ եղանակով՝ կենսաթոշակառուի ընտրությամբ։

Ընդ որում, անցումը կենսաթոշակների կանխիկ համակարգի անցնցում իրականացնելու համար առաջարկվում է փուլային տարբերակ՝ նախ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, ապա մնացած քաղաքային բնակավայրերում, իսկ վերջում՝ 1000-ից ավել բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում։

Միաժամանակ, նախատեսվում է, որ տվյալ բնակավայրում կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման պահանջն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակը շարունակվելու է վճարվել կանխիկ եղանակով՝ մինչև կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու դիմում ներկայացնելը կամ կենսաթոշակ վճարելը կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը։

Նախատեսվում է նաև բացառապես անկանխիկ եղանակով վճարել կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` անկախ բնակության վայրից: Ըստ այդմ, համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև օրենքի այլ՝ չվճարված կենսաթոշակի գումարի և թաղման նպաստի վճարմանը փոխկապակցված դրույթներում։

Իսկ 35-րդ հոդվածի 6-րդ մասում առաջարկվող փոփոխությամբ առաջարկվում է հանել Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վերաբերյալ հայտարարությունը բացառապես բանկի տարածքում տալու պահանջը, հնարավորություն ընձեռնելով բանկին խնդրո առարկա հայտարարությունը կենսաթոշակառուից ընդունել (կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը հավաստել) նաև նրա բնակության վայրի հասցեում։

Առաջարկվում է նաև հստակեցնել, որ կենսաթոշակը լիազորագրով վճարելու վերաբերյալ դրույթները վերաբերում են բացառապես կենսաթոշակը անկանխիկ եղանակով վճարելու դեպքերին (եթե կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով, ապա լիազորագիրը տարածքային բաժնի փոխարեն ներկայացվում է բանկին)։

(Visited 171 times, 1 visits today)