Խոստովանություն եւ Աղոթք. Կիսվեք Ձեր էջում թող Աստված պահապան լինի ձեզ

Մեղքերի խոստովանությամբ պետք է պատրաստենք մեր սրտերը՝ դառնալու Անմեղի բնակարանը։ Չխոստովանված մեղքերն արգելում են, որ Քրիստոս մուտք գործի մեր հոգիներից ներս։ «Եթե խոստովանենք մեր մեղքերը, վստահ եղեք, որ Արդար Աստված պիտի ների մեր մեղքերը եւ մեզ պիտի սրբի մեր բոլոր անիրավություններից»: (Ա Հովհ 1:9)
Շատ ողորմելի ենք, եթե խոստովանությամբ մեղքերի թողություն ստանալու առիթը ունենալով, մենք շարունակում ենք մեր մեղքերի բեռը մեր ուսերի վրա պահել։ Խոստովանելը՝ մեղքերի բեռը մի կողմ թողնելն է։Բարսեղ Մաշկեւորցին, խոսելով խոստովանության մասին, ասում է. «Ինչպես որ պղնձագործը ժանգոտած անոթը քուրայից անցկացնելով՝ մուրճի հարվածներով այն փայլեցնում է, նույնպեսեւ դու մեղքերով ժանգոտած հոգիդ խոստովանության քուրայի մեջ նետիր, եւ ապա բարձրից իջեցրու մուրճը, այսինքն՝ մեղադրանքի եւ հանդիմանական խոսքերը, որպեսզի հոգիդ վերստին պայծառանա»։

Բարսեղը ուզում է ասել, որ քրիստոնյա մարդը խոստովանության պահին ինքնամեղադրության եւ ինքնահանդիմանանքի ճամփան պետք է ընտրի, որպեսզի կարողանա մեղքի ժանգը մաքրել իր հոգուց։ Ինչպես, երբ ծառի ճյուղերը էտվում են, ծառը իր զորությունը վերագտնում է, այնպես էլ, երբ քրիստոնյա մարդը խոստովանում է իր մեղքերը՝ Սուրբ Հաղորդության միջոցով իր զորությունն ու հոգեւոր պայծառությունն է վերագտնում:Սուրբ Հաղորդությունը դեղ է մեր հոգու եւ մարմնի համար։ Այս դեղը մեզ օգտակար կլինի միայն ա՛յն ժամանակ, երբ խոստավանենք մեր մեղքերը։ Ինչպես, եթե հիվանդ մարդը չխոստովանի եւ չհրապարակի իր հիվանդությունը՝ դեղ չի ստանա եւ չի դարմանվի, այնպես էլ նա, ով Սուրբ Հաղորդությանը մոտենում է առանց խոստովանելու իր մեղքերը՝ թողություն եւ հոգու խաղաղություն չի գտնում։Սիրելի՛ հավատացյալ, թույլ չտանք, որ Սատանան կամ մեր նման մարդիկ ամաչեցնեն մեզ եւ հեռու պահեն խոստովանությունից։ 13-րդ դարի հեղինակ Հովհաննես Երզնկացին ասում է. «Քահանայի ներկայությամբ ձեր ունեցած փոքր վախով ու ամոթով կփրկվեք այն մեծ ամոթից, որ տիեզերական ահեղ հրապարակին վրա տեղի պիտի ունենա… երբ մարդկանց բոլոր ծածուկ գործերը պիտի հայտնվեն։ Այդ վախը եւ ամոթը շատ ավելի սաստիկ է, երբ երկինքն ու երկիրը ի մի պիտի գան, եւ ոչ ոք չպիտի կարողանա ծածկել իր մեղքերը, այլ պիտի հանդիմանվի, ամաչի ու դողա մեծ հրապարակում։ Ամոթից հետո գեհենի հրին եւ հավիտենական տանջանքին պիտի մատնվի Սատանայի հետ, ուր աչքերը պիտի լան, եւ ատամները՝ կրճտան»։

(Visited 7 times, 1 visits today)